Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կարեն Կարապետյանի քաղաքական կոնֆլիկտը

Կարեն Կարապետյանի քաղաքական կոնֆլիկտը
16.09.2016 | 18:54

Նորանշանակ վարչապետի առաջին քաղաքական կոնֆլիկտը «պատրաստ» է։ Կարեն Կարապետյանն ակնհայտ ցույց է տալիս իր հակակրանքները, այլ խոսքով, նա քաղաքական «խաղացող» չէ, և երիցս ճիշտ է նրա գնահատականը, որ ինքը քաղաքական գործիչ չէ։ ՀՅԴ-Կարեն Կարապետյան կոնֆլիկտը նկատվեց վարչապետության առաջին իսկ օրից։ Նախ` կառավարության ղեկավարը չի ցանկանում աշխատել դաշնակցական քվոտայով նախարար դարձած Դավիթ Լոքյանի հետ, հետո էլ կառավարության նիստում մի լավ բանավիճեց մեկ այլ դաշնակցական նախարարի՝ Արծվիկ Մինասյանի հետ, նրան մեղադրելով ստախոսության մեջ։ Սակայն նոր վարչապետի վիրավորանքը հազիվ թե կարողանար կուլ տալ այնպիսի մի կուսակցություն, ինչպիսին 120 տարին բոլորած ՀՅԴ-ն է, որի հոգին, ինչպես ասում են «շա՜տ խորն է»։ Նրանք, բնականաբար, ձեռքները ծալած չէին նստի, հակագրոհը շատ չուշացավ։

Առայժմ նախազգուշական տոնով այդ մասին ակնարկեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցում. «Անհատական, անձնական հավակնություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, և եթե նման բաց քննարկումներ են գնում, ապա այդ բաց քննարկումները տեսնենք` նաև այլ ոլորտների հետ կապված: Պետք է լիազորությունների ու պատասխանատվության տարանջատում լինի, ինչը, ի դեպ, այսօր կառավարությունում գոյություն չունի: Բազմաթիվ հարցեր կան, որոնք շփոթ են առաջացնում, թե ով ինչի համար է պատասխանատու: Հարցեր կան, օրինակ, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է կատարի, բայց, չգիտես` ինչու, առնչվում է այլ նախարարությունների, այսինքն` կորչում է պատասխանատվությունը»:

Փաստորեն, Ռուստամյանը մի բան էլ քարը նետում է վարչապետի դաշտն ու ակնարկում, որ նախ քո կառույցի ներսում պարտականությունները ճիշտ բաշխի, հետո նաև անձնավորված «կրակում». «Պետք է զերծ մնալ շոուներից»։


Եթե Կարեն Կարապետյանը մտադիր է շարունակելու այս հակամարտությունը, ապա պետք է քաղաքականապես պատրաստ լինի բանավիճելու, որովհետև այս առումով ՀՅԴ-ն շահած դուրս կգա, իսկ եթե նորանշանակ վարչապետը գործի մարդ է և պահանջում է կառավարության հստակ աշխատանք, ուրեմն դաշնակցությունը մտածելու խնդիր ունի (այս առումով մտահոգվելու տեղ ունեն, առաջին հերթին, հենց ՀՀԿ-ական կառավարության անդամները)։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ